«Երբ որոշ երկրներ փորձեցին «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու պատրվակով Նախիջևանը կապել Ադրբեջանի հետ Հայաստանի տարածքով, որը, ըստ էության, կնշանակեր մասնատում և դեպի Եվրոպա իրանական միջանցքի փակում, Իրանը վճռականորեն դեմ արտահայտվեց այդ ծրագրին և խափանեց դրա իրականացումը»,- ասել է Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին։                
 

Ներիր, որ ուժեղ չգտնվեցի քո գրկում մեռնելու համար

Ներիր, որ ուժեղ չգտնվեցի քո գրկում մեռնելու համար
29.09.2023 | 17:01

Մեր տանը ճամպրուկ չկար, որովհետև մենք երբեք մի շաբաթից ավելի շատ հեռու չենք գնացել ու միտք էլ չունեինք:

Նստել եմ բազմոցին ու նայում եմ մեր տան թանկարժեքին՝ գրադարանիս. այն ոչ մի պայուսակում չեմ կարողանում տեղավորել։

Մեր տան ամենաթանկարժեքը՝ ամուսնուս զինվորական համազգեստները, որով նա երեք պատերազմ է անցել ու իմ տոնական զգեստները, որով ես բազում տոնական միջոցառումներ եմ վարել, վառել ենք մեր տան բակում։

Մենք սխա՞լ ենք ապրել, գու՛ցե:

Տե’ր, ողորմեա:

Ես ուզում եմ ներողություն խնդրել իմ ժողովրդից. այնքան եմ միշտ լավը փնտրել, որ չեմ նկատել վատը:

Որ չնայած սև սրտիս, միշտ կարմիր եմ ժպտացել:

Որ ուզում եմ պինդ գրկել նրան ու ցավը շալակել, բայց անզոր եմ…

Սիրելի՜ս, ներիր, որովհետև իմ յուրաքանչյուր խոսք սրտիցս էր…

Ես ուզում եմ ներողություն խնդրել իմ երկրից, որ չեմ հասցրել նրա բոլոր ղաշյանգյ անկյունների մաքուր օդը զգալ, ոչ բոլոր անտառներով ու գետերով զմայլվել, ոչ բոլոր եկեղեցիներում ու մատուռներում աղոթել:

Սիրելի՜ս, ներիր, որ ուժեղ չգտնվեցի քո գրկում մեռնելու համար:

Ես հիմա գիտեմ՝ մեռնող մարդն էլ երազանք է ունենում:

Մեռնող արցախցին՝ Արցախում մեռնել և, որ հողը ների մեր բացակայությունը:

Ես գնում եմ՝ ընդամենը երկու գիրք տանելով՝ Աստվածաշունչն ու Արցախի Հանրապետության ատլասը…

Ծովինար ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ

Արցախի Հանրային հեռուստատեսության խմբագիր-հաղորդավար,

լրագրող

Դիտվել է՝ 4997

Մեկնաբանություններ